Չինացի վերլուծաբանների համոզմամբ՝ համաշխարհային անկայունության պայմաններում Չինաստանն ու Ռուսաստանն առանցքային դերակատարում կունենան նոր աշխարհակարգի ձևավորման հարցում։

Նրանց գնահատմամբ՝ միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգը գտնվում է վերակառուցման փուլում, իսկ Պեկինն ու Մոսկվան կարող են ընդլայնել իրենց ազդեցությունը այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսիք են ՇՀԿ-ն (Շանհայյան համագործակցության կազմակերպություն), BRICS-ը և G20-ը՝ աստիճանաբար դուրս գալով փոխգործակցության տարածաշրջանային մակարդակի սահմաններից։

Global Times-ի հետ զրույցում փորձագետներից մեկը նկատել է, որ միջազգային տարաբնույթ ճգնաժամերի ժամանակ արևմտյան երկրները հաճախ առաջնորդվում են սեփական շահերով՝ անտեսելով այլ պետությունների դիրքորոշումը։ Այս համատեքստում էապես մեծանում է «Գլոբալ Հարավի» երկրների միջև համագործակցության դերը։

Մեկ այլ մասնագետ ընդգծել է, որ Պեկինի և Մոսկվայի միջև հաստատուն հարաբերությունները նվազեցնում են արտաքին ռիսկերի նկատմամբ  երկու երկրների խոցելիությունը և նպաստում միջազգային կայունությանը։ Նա նաև հավելել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն ունեն համագործակցության ամուր ու երկարաժամկետ իրավապայմանագրային հենք, ինչն էլ թույլ է տալիս շարունակաբար զարգացնել երկկողմ կապերը։