Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հերքում է լրատվամիջոցների ներկայացուցիչների պնդումները, թե կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական փակ նիստին կառավարության արտաքին քաղաքականությունը որակել է որպես նեո-օսմանիզմ, հայտնում է թուրքական Today’s Zaman թերթը:

« Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ փոխհամաձայնության եւ հավասար հարաբերությունների վրա»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիբիայում:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե վերոնշյալ նիստի ժամանակ Դավութօղլուն կուսակցության պատգամավորներին հայտնել է, թե Թուրքիան դավանում է Օսմանյան կայսրությունից ժառանգություն մնացած գաղափարախոսությունը:

Այդուհանդերձ նախարարը հայտնել է, որ իր խոսքերը մեկնաբանվել են «համատեքսից դուրս» եւ չեն արտացոլում ասվածի էությունը: «մենք շատ նրբազգաց ենք այդ հարցում, եւ երբ ուրիշներն օգտագործում են այդ միտքը, ես միշտ նախազգուշացնում եմ, որ դա ճիշտ չեմ համարում»: