«ՀայաՔվե» միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը և արտաքին կապերի հանձնախմբի ղեկավար Աննա Կոստանյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Անեմանսի հրավերով պաշտոնական այցով Բրյուսելում էին, ուր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Եվրախորհրդարանի «Patriots for Europe» («Եվրոպական հայրենասերներ») համաեվրոպական խմբակցության մի շարք ղեկավար անդամների և նրանց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են «Հայաքվեից»։

Մասնավորապես, հանդիպումներ են կայացել ֆրանսիական պատվիրակության պատգամավոր Վիրջինիա Ժորոնի, իտալական պատվիրակության ղեկավար Պաոլո Բորչիայի, պորտուգալական պատվիրակության պատգամավոր Տիագո Մորեյրա դե Սայի և բելգիական պատվիրակության ղեկավար Գերոլֆ Անեմանսի հետ։ «ՀայաՔվեի» պատվիրակությանն ընդունել է նաև բելգիական ընդդիմադիր «Ֆլամանդական շահ» կուսակցության նախագահ Թոմ վան Գրիկենը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնավորապես ԵՄ-ի և Հայաստանի երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները, հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ դերակատարությունը, այլ ուժային կենտրոնների հետ բալանսավորված հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը և ԵՄ քաղաքական դերակատարությունն այս հարցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումը, Հայաստանում իրական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, և այլն:

Ավետիք Չալաբյանը նաև ելույթ է ունեցել խմբակցության կազմակերպած հեռուստաքննարկման ընթացքում՝ եվրոպացի ունկնդիրներին հանգամանորեն ներկայացնելով վերոնշյալ հարցերը։

Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր: