Ուրախալի և խորհրդանշական է, որ Մեղրին հենց անցյալ տարի Դուշանբեում հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, և մեր պատվիրակության համար մեծ պատիվ է գտնվել այստեղ։ Այս մասին ապրիլի 16-ին «Մեղրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տաջիկստանի մշակույթի փոխնախարար Բոբոզոդ Ֆարիդունը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իրենց համար հարազատ երկիր է, քանի որ այստեղ էլ, ինչպես Տաջիկստանում, շատ են լեռները։ Փոխնախարարի գնահատմամբ՝ երկու երկրների մարդիկ նման են միմյանց թե՛ մենթալիտետով, թե՛ արտաքնապես։ «Մարդիկ այստեղ շատ բարի են ու անկեղծ, բնությունը հիասքանչ է։ Մենք եղել ենք նաև Երևանում, Կապանում ու Ագարակում․ դրանք նույնպես շատ գեղեցիկ քաղաքներ են։ Ոչ բոլորը կարող են ապրել լեռներում, բայց մեծ հոգի ունեցողներին դա հաջողվում է։ Ասում են՝ լեռներից բարձր միայն լեռներն են, բայց այստեղի ժողովուրդը լեռներից էլ բարձր է», - եզրափակել է նա։