Գերմանիան, սկզբունքորեն, պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցով տարանցիկ ուղիների ապահովմանը ռազմական գործողությունների դադարեցումից և ՄԱԿ-ի կողմից մանդատի ստացումից, ցանկալի է՝ նաև Գերմանիայի խորհրդարանի հաստատումից հետո, հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, գրում է Reuters-ը։
«Մենք դեռ շատ հեռու ենք այդ ամենից»,- նշել է Մերցը, երբ նրան հարցրել են՝ ինչ դեր կարող է խաղալ Գերմանիան։
Նա Հորմուզի նեղուցի վերաբերյալ ելույթ է ունեցել Փարիզում անցկացվելիք բանակցություններից մեկ օր առաջ, որոնցում, ըստ նրա, կքննարկվի ԱՄՆ ուժերի մասնակցությունը։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը հրաժարվել է որոշակի պատասխանել պարբերականի հոդվածի վերաբերյալ այն հարցին, որտեղ նշվում էր, թե Բեռլինը ականազերծման և ծովային հսկողության ոլորտում պատրաստ է փորձագիտական գիտելիքներ տրամադրել։
Մերցը, ելույթ ունենալով իր իռլանդացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում, ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում ցանկացած առաքելությունից առաջ անհրաժեշտ կլինի առնվազն ժամանակավոր հրադադար, ինչպես նաև նշել, որ Իրանի ռազմական միջուկային ծրագիրը պետք է դադարեցվի։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը հանգեցրել է նավթի և գազի մատակարարման աննախադեպ խափանումների ամբողջ աշխարհում։ Արդյունքում դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որտեղից սովորաբար տեղափոխվում է աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի մոտ 20%-ը։





























