Իրանական բանակի վարչական հարցերով փոխհրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Շեյխը հինգշաբթի հայտարարել է, որ եթե թշնամին փորձի ևս մեկ գործողություն, Իրանի Իսլամական Հանրապետությունը անկասկած կպատասխանի՝ հիմնվելով նախնական պլանավորման և միջոցառումների վրա, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Նա նշել է, որ զինված ուժերը համապարփակ կերպով տեղակայվել են Իրան ամբողջ տարածքում և համապատասխան կազմավորումներ են ձևավորել։

Իրանցի գեներալն ընդգծել է, որ չնայած թշնամին որոշակի ռազմական դիրք է պահպանում, այն չի կարող մոտենալ Իրանի տարածքին և սահմաններին և, հետևաբար, գործողություններ է իրականացնում հեռվից՝ օգտագործելով հեռահար գործողության զենքեր։

Պաշտոնյան հայտնել է, որ 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմից հետո յոթ ամիսների ընթացքում Իրանում հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տասնապատկվել է նախորդ ժամանակահատվածի համեմատ՝ այդ զարգացումն անվանելով հեղափոխություն անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում։

Նա հավելել է, որ համատեղ գործողություններում անօդաչու թռչող սարքերը դարձել են չափազանց կարևոր գործիք թշնամու պաշտպանական համակարգերը խափանելու և ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Գեներալը շեշտել է, որ Զինված ուժերը բոլոր ոլորտներում արտադրում են սարքավորումներ և սպառազինություն՝ իրենց կարողություններին համապատասխան, այդ կարողությունը բնութագրելով որպես ամբողջովին տեղական և հայտարարելով, որ ոչ մի այլ երկիր չունի սկզբից մինչև վերջ երկրի ներսում ամբողջությամբ արտադրված պաշտպանական համակարգ։

Նա եզրակացրել է, որ թշնամուն բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և պահանջները քննարկելու հարկադրանքն ինքնին Իրանի հաղթանակի նշան է։