Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ֆինլանդիային և Բալթյան երկրներին հիշեցրել է «Ռուսաստանի ինքնապաշտպանության իրավունքի մասին՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով», հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

«Վերջերս ավելի հաճախ են գրանցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներ Ռուսաստանի դեմ Ֆինլանդիայի և Բալթյան երկրների միջոցով։ Արդյունքում տուժում են խաղաղ բնակիչներ, և քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվում»,- լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ նշել է Շոյգուն։

Ըստ նրա՝ «դա կարող է տեղի ունենալ երկու դեպքում. կամ արևմտյան ՀՕՊ համակարգերը չափազանց անարդյունավետ են, ինչպես արդեն տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում իրադարձությունների ժամանակ, կամ այդ պետությունները դիտավորյալ իրենց օդային տարածքը տրամադրում են, ինչը նշանակում է, որ նրանք Ռուսաստանի դեմ ագրեսիային բացահայտ մեղսակիցներ են»։

«Վերջին դեպքում, ըստ միջազգային իրավունքի, ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը սահմանում է պետությունների ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը զինված հարձակման դեպքում»,- ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։