Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի՝ ապրիլի 16-ին, հայտարարել է, որ տարածաշրջանային հիմնական խաղացողներին բացառող որևէ կառույց չի կարող ապահովել խաղաղություն և անվտանգություն, հաղորդում է Anadolu-ն։

Միջխորհրդարանական միության 152-րդ գլխավոր ասամբլեայի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանն ասել է. «Տարածաշրջանում հիմնական խաղացողներին բացառող որևէ կառույց չի կարող ապահովել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում»։

Նա նաև նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների ստեղծած միջազգային համակարգն այժմ բախվում է «լեգիտիմության լուրջ ճգնաժամի»։

Պաղեստինի վերաբերյալ թուրք առաջնորդը բոլոր խորհրդարանականներին կոչ է արել միավորել ուժերը՝ երկու պետությունների ստեղծման որոշումն արագ իրականացնելու համար՝ այն անվանելով արդար և հաստատուն խաղաղության միակ բանաձևը։

«Թուրքիայի՝ Աֆրիկայի հանդեպ հավասար գործընկերության վրա հիմնված քաղաքականությունը թափ է հավաքում աֆրիկյան երկրների աճող աջակցության շնորհիվ»,- հավելել է նա։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Սուդանում անկայունությունը վերացնելուն ուղղված բոլոր դիվանագիտական ​​ջանքերին։