Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին չորեքշաբթի NBC News-ին տված հարցազրույցում դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը՝ հայտարարելով, որ այն Նյու Յորքում հանգեցրել է առանց դրա էլ բարձր ծախսերի աճի։
«Չնայած այս պատերազմը սրել է կենսապահովման ճգնաժամը, այն գոյություն ուներ մինչև իմ քաղաքապետի պաշտոնում առաջադրվելը, և դա արտացոլվում է այն փաստում, որ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաթանկ քաղաքն ենք»,- ընդգծել է Նյու Յորքի քաղաքապետը։
Նա ասել է, որ Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությանը պետք է «հակադրվել ոչ միայն քաղաքական, բարոյական, այլև պարզ տնտեսական պատճառներով»։
Մամդանին ընդգծել է, որ պատերազմի վրա արդեն ծախսվել են միլիարդավոր դոլարներ, որոնք, նրա խոսքով, կարող էին ծախսվել «ամերիկյան աշխատավոր դասակարգին ամբողջ երկրում օգնելու համար»։
Վաշինգտոնն արդեն մոտ 28 միլիարդ դոլար է ծախսել Իրանում պատերազմի վրա, որը սկսվել է որպես ԱՄՆ-Իսրայելի համատեղ ռազմական գործողություն փետրվարի վերջին և բացարձակապես ժողովրդականություն չի վայելում ամերիկացիների շրջանում։
Ըստ CBS News/YouGov-ի անցյալ շաբաթ անցկացրած հարցման՝ մինչ շաբաթավերջին Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան առաջնորդների միջև բանակցությունների ձախողումը, ամերիկացիների գրեթե 60%-ը նշել է, որ Իրանի հետ պատերազմը «շատ» կամ «մասամբ» վատ է ընթանում ԱՄՆ-ի համար։





























