Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյի թոռը անցած շաբաթ պայմանավորվել է հավանացի գործարարի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գաղտնի նամակ փոխանցելու մասին՝ շրջանցելով դիվանագիտական ուղիները։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ նամակը ձեւակերպվել է դիվանագիտական նորմերին համապատասխան եւ կնքվել է պաշտոնական կնիքով։ Դրանում առաջարկվում են տնտեսական եւ ներդրումային համաձայնագրեր, ինչպես նաեւ քննարկումներ պատժամիջոցների հնարավոր մեղմացման վերաբերյալ։
Միաժամանակ, WSJ-ի աղբյուրները հավաստիացրել են, որ տեքստում նաեւ սպառնալիք է պարունակվել՝ պատրաստվելու Միացյալ Նահանգների դեմ հնարավոր գործողությունների։
Ավելի վաղ USA Today-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն, իբր, սկսել է գաղտնի ռազմական նախապատրաստություններ Կուբայում հնարավոր գործողության համար՝ նախագահի համապատասխան որոշման դեպքում։ Նշվել է, որ դա տեղի է ունենում երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ 2026թ․ սկզբին կղզի նավթի մատակարարման սահմանափակումներից հետո։





























