NEWS.am-ը ներկայացնում է Չինաստանի «Սինհուա» պետական լրատվական գործակալության «Վտանգավոր է քաղաքացիական պատերազմ հրահրել Սիրիայում» խմբագրական հոդվածը:

Երբ այս ամսվա սկզբում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ ընդունել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալմանն ուղղված բանաձեւը, Արեւմուտքում ոմանք սկսեցին առաջարկել զինել սիրիական ընդդիմությանը:

Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերը վտանգավոր են, քանի որ կարող են էլ ավելի սրել էթնիկ եւ կրոնական պառակտումն այդ երկրում:

Բացի այդ, արյունալի քաղաքացիական պատերազմը Սիրիայում ոչ միայն թանկ կնստի Սիրիայի ժողովրդի վրա, այլ նաեւ անկանխատեսելի ռազմավարական հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:

Շատ դիտորդներ Ռուսաստանում եւ Չինաստանում մտավախություն ունեն, որ որոշ արեւմտյան երկրներ փորձում են օգուտ քաղել սիրիական ճգնաժամաից, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը Մերձավոր Արեւելքում` աջակցություն ապահովելով արեւմտամետ ընդդիմադիր ուժերին:

Սիրիայում դաշնակիցներ ձեւավորելու Արեւմուտքի մղումը պայմանավորված է Սիրիայի բացառիկ աշխարհագրական նշանակությամբ եւ Իրանի, «Համասի» ու լիբանանյան «Հեզբոլա» զինված խմբավորման հետ այդ երկրի սերտ կապերով:

Պետք է նշել, որ Ասադի կառավարությունը պատրաստ է սկսել բարեփոխումներ եւ բարելավել մարդկանց կյանքն ու պաշտպանել նրանց իրավունքները: Կիրակի նշանակված Սահմանադրության նախագծի հանրաքվեն թույլ կտա Սիրիայի քաղաքացիներին ընտրություն կատարել ազատությունների օգտին, վերջ դնել Ասադի «ԲԱԱՍ» կուսակցության իշխանական մենաշնորհին եւ նշանակել բազմակուսակցական ընտրությունների անցկացման ժամկետ:

Նոր Սահմանադրության համաձայն նախագահ Ասադը ամենաուշը 2014-ին կհեռանա պաշտոնից եւ վերջ կդնի իր ընտանիքի 40-ամյա իշխանությանը:

Թեեւ Ասադի նախագիծը հեռու է կատարելությունից, սակայն պետք է մեկնակետ դառնա կառավարության եւ ընդդիմության հետագա բանակցությունների համար:

Սակայն արտաքին միջամտությունը կարող է կանգնեցնել բարեփոխումները եւ ստիպել Ասադի կառավարությանը պայքարել մինչեւ վերջ:

Մինչ արեւմտյան կառավարությունները միջամտութան պատճառներ են փնտրում, արեւմտյան լրատվամիջոցները մտահոգություն են տարածում, թե երկրում հումանիտար ճգնաժամ կհասունանա, եթե Ասադն անմիջապես չհեռացվի իշխանությունից:

Միջազգային լսարանին ներկայացվող պրիմիտիվ փաստարկն այն է, թե արյունահեղության հիմնական պատճառն Ասադն է` չնշելով, որ որոշ ընդդիմադիր ուժեր եւս դիմում են բռնությունների:

Սիրիայում այժմ դժվար է առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ, եւ հավասարակշիռ լրտավություն ապահովելն անչափ բարդ է: Սակայն դա չի կարող պատճառ լինել արեւմտյան լրատվամիջոցների համար կրկնել ակտիվիստների չստուգված պնդումները:

Սիրիական փակուղին բնութագրվում է Ասադին տապալելու արտաքին կոչերով եւ Սիրիայի ժողովրդի մեծ մասի լռությամբ: Սակայն միայն սիրիացիները կարող են որոշել, թե ինչպես լուծել ներքին հակամարտությունը: