ԱՄՆ վերաքննիչ դատարանը Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է շարունակել Սպիտակ տան քանդված Արևելյան թևի տեղում 400 միլիոն դոլար արժողությամբ հանդիսությունների դահլիճի կառուցումը։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հունիսին նշանակված դատական լսումների ժամանակ կքննարկվի նախագծի կասեցումը չեղարկելու հարցը։
Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի երեք դատավորներից կազմված հանձնաժողովն այս պահին չեղարկել է ստորին ատյանի սահմանած արգելքը։ Սա հանձնաժողովին ժամանակ է տալիս քննարկել Արդարադատության նախարարության խնդրանքը և վերացնել բողոքարկման փուլում գտնվող շինարարական արգելքը։
Վերաքննիչ դատարանը հայտարարել է, որ հունիսի 5-ին կլսի կողմերի փաստարկները և կպարզի, թե արդյոք անհրաժեշտ է դադարեցնել շինարարությունը մինչև վերջնական որոշումը։
Որոշումը չի անդրադառնում հիմնական դատական հայցի էությանը։ Հայցը վիճարկում է պարահանդես կառուցելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի լիազորությունները:
Սրանով ժամանակավորապես չեղարկվում է դատավոր Ռիչարդ Լեոնի կայացրած նախորդ որոշումը։ Հիշեցնենք, որ դատավորն ապօրինի էր որակել նախագիծը, քանի որ այն չէր ստացել ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։
Դեկտեմբերին «Ազգային հիմնադրամը» դատի էր տվել Թրամփին և մի քանի դաշնային գերատեսչությունների։ Պատճառն այն էր, որ վարչակազմը քանդել էր Սպիտակ տան Արևելյան թևը՝ դրա տեղում հանդիսությունների դահլիճ կառուցելու համար։ Հիմնադրամը պնդում է, որ ԱՄՆ նախագահն ու Ազգային պարկերի ծառայությունը պատմական կառույցը քանդելու լիազորություն չեն ունեցել։ Թրամփն իր հերթին այս դահլիճը համարում է Սպիտակ տան կարևոր լրացում և Վաշինգտոնը վերափոխելու իր լայնածավալ ծրագրի մի մասը։
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ նախագիծը կօգնի նորացնել ենթակառուցվածքներն ու ուժեղացնել անվտանգությունը։ Թրամփն էլ շեշտել է, որ շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է մասնավոր նվիրատուների գումարներով։





























