BBC-ն հաղորդում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Դենիել Քինահանը։ Նա կասկածվում է կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում ծանր հանցագործություններ կատարելու մեջ։
Ինչպես հայտնում է իռլանդական RTÉ հեռուստաընկերությունը, 40-ամյա Քինահանը ձերբակալվել է Դուբայում՝ Իռլանդիայի դատարանի տված օրդերի հիման վրա։
Դեռ 2022 թվականի ապրիլին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ էր սահմանել նրա դեմ։ Այն ժամանակ իրավապահները Քինահանին և նրա ընտանիքի անդամներին ճանաչել էին որպես «Քինահան» հանցավոր կլանի պարագլուխներ։
Քինահանը կապեր է ունեցել նաև սպորտային աշխարհի հետ։ Նրա հիմնադրած (այժմ արդեն լուծարված) «MTK Global» բռնցքամարտի մենեջմենթի ընկերությունը ներկայացրել է ավելի քան 100 մարզիկների շահերը, այդ թվում՝ Թայսոն Ֆյուրիին և Կառլ Ֆրեմփթոնին։ Իռլանդիայի ոստիկանությունը հաստատել է, որ տեղյակ է քաղաքացու ձերբակալության մասին։
Դուբայի ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, տևական հետախուզական ու օպերատիվ աշխատանքներից հետո։
Իրավապահները նշել են, որ արդարադատությունից թաքնվող իռլանդացուն ձերբակալել են միջազգային հանցավոր ցանցում ունեցած դերակատարման համար։ Այս գործողությունն իրականացվել է անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի շրջանակում։





























