ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակման սկզբից ի վեր 21 նավ է հետ վերադարձել։

Հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 17-ի դրությամբ Արաբական ծովում հերթապահություն է իրականացնում «USS Michael Murphy (DDG 112)» հրթիռային էսմինեցը։ Ամերիկյան ուժերն այժմ իրականացնում են այն նավերի ծովային շրջափակումը, որոնք փորձում են մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից։

Ըստ հրամանատարության՝ շրջափակումից հետո 21 նավ կատարել է ամերիկյան կողմի պահանջը. նրանք հետ են շրջվել ու վերադարձել Իրան։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ տանկերների շարասյուն է հատել Հորմուզի նեղուցը։

Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ը նախապես պայմանավորվել էին առևտրային նավերի համար վերաբացել ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրուղին։ Պատերազմի մեկնարկից ի վեր նեղուցը փաստացի փակ է եղել, սակայն կողմերը համաձայնության են եկել, որ այն բաց կլինի մինչև հրադադարի ավարտը։ Թեհրանն իր հերթին որոշակի պայմաններ էր առաջ քաշել. նավերն ու դրանց բեռները չպետք է որևէ առնչություն ունենան ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ, իսկ ռազմական նավերի անցումն ընդհանրապես արգելված է։

Հայտնի է դարձել նաև, որ նեղուցով արդեն անցել է առաջին զբոսանավը՝ «Celestyal Discovery»-ն։