Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական վարչությունը հայտնել է Արևելյան Ադրբեջան, Քերման և Մազանդարան նահանգներում ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի հետ կապ ունեցող խմբավորումների հայտնաբերման և վերացման մասին։ Այս մասին տեղեկացնում է «Tasnim» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ այդ խմբերը զբաղված էին ցանցերի ստեղծմամբ, զինմամբ, լրտեսությամբ և շուկայի ապակայունացմամբ։ Դրանք ցանկանում էին ապրանքների մաքսանենգության, տնտեսական կեղծ լուրերի տարածման և փողոցային անկարգությունների միջոցով պայմաններ ստեղծել հակառակորդի ռազմական հարձակման համար։
«Արևելյան Ադրբեջան նահանգի ԻՀՊԿ հետախուզությունը վերջին օրերին իրականացված երկրորդ գործողության ընթացքում հայտնաբերել և ձերբակալել է միապետական տեռորիստական խմբերի հետ կապված 7 անձի։ Նրանք զբաղվում էին զենքի ձեռքբերմամբ, դիվերսիոն գործողությունների նախապատրաստմամբ և կարևոր օբյեկտների կոորդինատներն էին փոխանցում իրենց համակարգողներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մազանդարան նահանգի ԻՀՊԿ հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 69 անձ, այդ թվում՝ միապետական շարժման կողմնակիցներ, «սիոնիստական ռեժիմի» հետ կապված անձինք, դավաճաններ և «տնտեսական վարձկաններ»։
Նշված խմբավորումները դիվերսիոն և վնասարար գործողություններ են իրականացրել։ Նրանց թաքստոցներից հայտնաբերվել և առգրավվել է հրազեն, սառը զենք, ինչպես նաև կապի միջոցներ։
Քերման նահանգում ԻՀՊԿ հետախուզությունը հայտնաբերել և հարված է հասցրել հակառակորդի 51 առանցքային մասնակիցների ու լրտեսների։ Մասնավորապես՝ վնասազերծվել են օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապված 3 լրտեսական խումբ և բահայիականության հետ կապ ունեցող 2 խումբ։ Լիկվիդացվել է միապետականների հետ կապված 4 հոգանոց զինված օպերատիվ խմբավորում, ձերբակալվել են նաև միջազգային ցանցերին առնչվող 6 մեդիաակտիվիստներ։ Վերջիններս, կապ պահպանելով արտասահմանյան համակարգողների հետ, զբաղված են եղել շուկայի ապակայունացմամբ, հավաքագրմամբ, ինչպես նաև բողոքի ցույցերի ու անկարգությունների կազմակերպմամբ»,- նշված է Իրանի ԻՀՊԿ հաղորդագրության մեջ։





























