Հայաստանի իշխանությունները դեռ 2019 թվականից բազմիցս խոսել են նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բաքվի այն նախապայմանին, թե խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է փոխի իր Մայր օրենքը։
Պատգամավորի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես Հայաստանի ներքին օրակարգի հարցն է։
Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ նախապայման չի առաջադրում, քանի որ դա ոչ մի բանի չի հանգեցնում։
«Թե՛ գերիների վերադարձի հարցը, թե՛ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում և մենք գնալու ենք այս օրակարգով, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Մենք որևէ նախապայման չենք դնում, որովհետև նախապայման դնելն, ըստ էության, փակուղի տանող ճանապարհ է և խնդիրները չլուծելու մասին է»,- ասել է Հովհաննիսյանը։





























