ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ռազմական տարբերակների դիտարկման ժամանակ զգուշությամբ է վերաբերվել ամերիկյան ցամաքային ուժերի ուղղակի ներգրավում ենթադրող գաղափարներին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրները։
Ինչպես նշում է պարբերականը, Սպիտակ տանը և ռազմական ղեկավարության շրջանում քննարկվել են Թեհրանի վրա ճնշում գործադրելու տարբեր սցենարներ, այդ թվում՝ հնարավոր գործողություններ ռազմավարական ենթակառուցվածքների դեմ։
Մասնավորապես, դիտարկվել են իրանական նավթի արտահանման համար առանցքային նշանակություն ունեցող օբյեկտներին, այդ թվում՝ Խարգ կղզուն առնչվող տարբերակներ։
Սակայն, ըստ WSJ-ի աղբյուրների, Թրամփը մտահոգություն է հայտնել, որ նման գործողությունները, հատկապես նրանք, որոնք կարող են վերածվել ցամաքային գործողության, կապված են ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների մեծ ռիսկի հետ և կարող են հանգեցնել հակամարտության անվերահսկելի սրման։
Պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահն ընդհանուր առմամբ հակված էր ճնշման այնպիսի ռազմավարությունների, որոնք ցամաքում լայնածավալ ռազմական ներկայություն չեն պահանջում, ներառյալ տնտեսական միջոցներն ու սահմանափակ ուժային գործողությունները՝ լիամասշտաբ ներխուժման փոխարեն։
Միևնույն ժամանակ հոդվածում նշվում է, որ Թրամփի կոշտ հանրային հայտարարությունները, այդ թվում՝ Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքները, հաճախ հակասում էին դռնփակ հանդիպումների ժամանակ նրա արտահայտած ավելի զուսպ դիրքորոշմանը։