Սոցցանցերում մեծ արձագանք է գտել և լայնորեն տարածվել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը Հարավային Լիբանանում կոտրում Հիսուսի արձանը։

Կիրակի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է լուսանկարի իսկությունը և հայտարարել ծառայողական քննություն սկսելու մասին։ Ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ զինծառայողի նման վարքագիծը «կոպտորեն հակասում է» բանակի որդեգրած արժեքներին։

Միջադեպն այժմ քննվում է Հյուսիսային օկրուգի հրամանատարության կողմից, և հարցն արդեն փոխանցվել է վերադաս մարմիններին։ Ստուգման արդյունքներով մեղավորների նկատմամբ կիրառվելու են համապատասխան կարգապահական միջոցներ։

Բանակը պատրաստակամություն է հայտնել օգնել տեղի համայնքին՝ վնասված արձանի վերականգնման հարցում։

Ըստ Այն Էբել գյուղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներին վերագրվող տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Հարավային Լիբանանի Դիբել բնակավայրում, որը գտնվում է Իսրայելի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Սուրբ Երկրի քրիստոնեական ֆորումի համակարգող Վադի Աբունասարը կոչ է արել անտես չթողնել կատարվածը, անցկացնել մանրակրկիտ հետաքննություն և, փաստի հաստատման դեպքում, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։