Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ զրպարտության համար քրեական հայց կներկայացնի Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի դեմ։ Այս մասին նա տեղեկացրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Երկու երկրների առաջնորդների միջև հակամարտությունը սրվել է Նոբոայի այն հայտարարություններից հետո, թե Պետրոն հավանաբար կապեր ունի էկվադորցի նարկոբարոն, «Լոս Չոներոս» խմբավորման առաջնորդ Խոսե Ադոլֆո Մասիասի մերձավորների հետ։ Բացի այդ, Նոբոան պնդել էր, թե Էկվադոր կատարած այցի ժամանակ Պետրոն հյուրընկալվել է մի տանը, որի տերերն իբր կապված են թմրամիզնեսի հետ։
Պետրոն հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ծանոթ չէ նշված նարկոբարոնի հետ և այդ հայտարարությունները համարում է քաղաքական։ Նա նաև ընդգծել է, որ այցի ընթացքում իր անվտանգությունն ապահովել է հենց էկվադորական բանակը։
Euronews-ի փոխանցմամբ՝ այս վեճը տեղի է ունենում երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին, ինչը ներառում է առևտրային տարաձայնություններ, ինչպես նաև անվտանգությանն ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրներ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում արդեն իսկ ստուգումներ են իրականացվում Պետրոյի նկատմամբ՝ կապված նարկոբարոնների հետ նրա հնարավոր շփումների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ։





























