Եվրոպական երկրների կողմից պատվիրված ամերիկյան զենքի մատակարարումները կարող են ուշանալ, իսկ Էստոնիայի դեպքում դա առաջին հերթին վերաբերում է HIMARS բազմակի հրթիռային համակարգի համար նախատեսված զինամթերքին, հաղորդում է ERR-ը։
Պարբերականի տվյալներով՝ արկերի մի մասը պետք է մատակարարվեր 2026 թվականին, սակայն այժմ ժամկետները հարցականի տակ են:
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է, որ առայժմ տեղեկատվությունը քիչ է, սակայն հայտնի է զինամթերքի մատակարարումների ժամանակավոր դադարեցման մասին:
«Այս պահին մենք շատ քիչ տեղեկություն ունենք։ Մատակարարումները դադարեցվել են։ Մենք փորձում ենք հասկանալ, թե արդյո՞ք սա վերաբերում է բոլոր դաշնակիցներին, և կլինե՞ն արդյոք բացառություններ»,- նշել է նա։
Պևկուրի խոսքով՝ եթե ուշացումները տևական բնույթ կրեն, Էստոնիան ստիպված կլինի այլընտրանքներ փնտրել։ Այդուհանդերձ, ցանկացած այլ լուծում պետք է նախապես համաձայնեցվի թե՛ Lockheed Martin-ի, և թե՛ ԱՄՆ վարչակազմի հետ։
Էստոնիայի զինված ուժերի նախկին հրամանատար Մարտին Հերեմը կարծում է, որ կարճաժամկետ ուշացումները կրիտիկական չեն լինի, եթե դրանք մեկ տարուց ավել չձգձգվեն:
Հիշեցնենք, որ Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախազգուշացրել է Տալինին սպառազինության մատակարարման հնարավոր խափանումների մասին։ Որպես հիմնական պատճառ նշվում է համաշխարհային շուկայում զենքի արտադրության գերծանրաբեռնվածությունը։





























