Ռումինիայի իշխող կոալիցիայում քաղաքական ճգնաժամ է հասունացել։ Վարչապետ Իլիե Բոլոժանի վարած բյուջետային խիստ տնտեսման քաղաքականության պատճառով նախարարները պահանջում են նրա հրաժարականը, հայտնում է Bloomberg-ը։

Պարբերականի տվյալներով՝ սոցիալ-դեմոկրատները ծրագրում են ներկուսակցական խորհրդակցությունների ժամանակ քննարկել վարչապետին աջակցությունից զրկելու հնարավորությունը։ Նրանց դժգոհությունը կապված է ինչպես խնայողության միջոցառումների, այնպես էլ չորս կուսակցություններից կազմված կոալիցիայի ներսում անբավարար համակարգման հետ։

Լիբերալ կուսակցությունը ներկայացնող Բոլոժանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ՝ անկախ ներքաղաքական քննարկումների արդյունքներից։ Հակամարտության սրման դեպքում սոցիալ-դեմոկրատները կարող են նախաձեռնել կամ սատարել կառավարությանն անվստահության նոտա հայտնելու գործընթացին։

Գործակալությունն ընդգծում է, որ այս տարաձայնությունների պատճառով մեծանում է շուրջ 10 ամիս առաջ ձևավորված եվրոպամետ կոալիցիայի փլուզման վտանգը:

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սորին Գրինդյանուն հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից քաղաքական իրավիճակը կարող է փոխվել՝ չբացառելով, որ կուսակցությունը կարող է անցնել ընդդիմության շարքերը:

Եթե կոալիցիան կորցնի խորհրդարանական մեծամասնությունը, Բոլոժանը ստիպված կլինի կամ փոքրամասնական կառավարություն ձևավորել, կամ էլ քաղաքական նոր դաշնակիցներ փնտրել: Սոցիալ-դեմոկրատ նախարարների հրաժարականի դեպքում վարչապետին 45 օր ժամկետ կտրվի՝ խորհրդարանից վստահության քվե ստանալու համար: