Գերմանիան վերափոխում է իր տնտեսության կառուցվածքը՝ ավտոմոբիլային ոլորտից անցում կատարելով պաշտպանական արտադրությանը։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, երկիրը նպատակ ունի դառնալ Եվրոպայի գլխավոր ռազմարդյունաբերական հաբը։
Այս կտրուկ շրջադարձը տեղի է ունենում տնտեսական երկարատև լճացման և ավտոարտադրության ճգնաժամի ֆոնին։ 2025 թվականի տվյալներով՝ Mercedes-Benz-ի շահույթը նվազել է 49%-ով, Volkswagen-ինը՝ 44%-ով, իսկ Porsche-ի օպերացիոն շահույթը գրանցել է ռեկորդային՝ 98% անկում։ Ճգնաժամի հետևանքով գերմանական արդյունաբերության ոլորտում ամսական շուրջ 15 հազար աշխատատեղ է փակվում։
Ազատված արտադրական հզորություններն ու աշխատուժն այժմ ուղղվում են դեպի ռազմական արդյունաբերություն։ Schaeffler ընկերությունն արդեն թողարկում է անօդաչու սարքերի շարժիչներ և զրահատեխնիկայի համար նախատեսված համակարգեր։ Volkswagen-ը բանակցություններ է վարում իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի բաղադրիչների արտադրությանը մասնակցելու շուրջ, իսկ Deutz AG-ն շարժիչներ է մատակարարում Patriot համակարգերի և անօդաչուների համար։ Rheinmetall-ը վերափոխում է ավտոմոբիլային գործարանները ռազմական արտադրանքի թողարկման համար, իսկ Hensoldt-ը մասնագետների է ներգրավում Bosch և Continental ընկերություններից։
Հատկանշական է, որ Եվրոպայում պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող վենչուրային ներդրումների շուրջ 90%-ն ուղղվում է հենց գերմանական ընկերություններին։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Բունդեսվերը ՆԱՏՕ-ի համար օրինակելի բանակ դարձնելու մտադրության մասին, իսկ մինչև 2029 թվականը նախատեսվում է կրկնապատկել երկրի պաշտպանական բյուջեն՝ հասցնելով այն 162 միլիարդ եվրոյի։





























