Բուլղարիայի ընտրություններում հաղթում է ռուսամետ քաղաքական գործիչ համարվող նախկին նախագահ և եվրոսկեպտիկ Ռումեն Ռադևի կուսակցությունը։
Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է երկրի նախկին նախագահ Ռումեն Ռադևի «Առաջադեմ Բուլղարիա» դաշինքը։ Դա նախ ցույց տվեցին էքզիթ-փոլերը, ապա՝ պաշտոնական արդյունքները. քվեաթերթիկների 91,68%-ի հաշվարկից հետո Ռադևի դաշինքը հավաքել է ձայների 44,7%-ը։ Նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի ГЕРБ-СДС կուսակցությունը երկրորդ տեղում է։
Ընտրությունները տեղի են ունեցել երկարատև քաղաքական ճգնաժամի պայմաններում. դրանք Բուլղարիայում վերջին հինգ տարվա ընթացքում ութերորդ խորհրդարանական ընտրություններն են, գրում է Bild-ը։ Ռադևը հունվարին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ ընտրություններում իր դաշինքի ցուցակը գլխավորելու համար։ Իր քարոզարշավի ընթացքում նա շեշտը դրեց կոռուպցիայի դեմ պայքարի վրա և քննադատեց նախորդ կառավարությանը՝ անարդյունավետ աշխատանքի համար։
Արևմտյան լրատվամիջոցները Ռադևին բնութագրել են որպես ռուսամետ քաղաքական գործիչ։ Մասնավորապես, նա դեմ էր Ուկրաինային զենքի մատակարարմանը, քննադատում էր Բրյուսելի քաղաքականության մի մասն ու պաշտպանում էր Մոսկվայի հետ ավելի պրագմատիկ հարաբերությունները, չնայած, ըստ Reuters-ի, ԵՄ որոշումները Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նա չի խոստացել արգելափակել։





























