Եվրոպական երկրների կեսից ավելին ազգային պաշտպանության հարցում կրիտիկական կախվածություն ունի ամերիկյան ամպային տեխնոլոգիաներից։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնը կարող է զուտ քաղաքական որոշմամբ պարզապես «անջատել» այդ համակարգերը։ Այս մտահոգիչ եզրահանգմանն է եկել Բրյուսելում գործող «Future of Technology Institute» (FOTI) վերլուծական կենտրոնը, գրում է The Brussels Times-ը։
Ուսումնասիրված 28 երկրներից 23-ի վիճակը գնահատվում է ռիսկային, ընդ որում՝ դրանցից առավել խոցելի են 16-ը, այդ թվում՝ Գերմանիան, Լեհաստանը, Դանիան և Միացյալ Թագավորությունը։ Միակ պետությունը, որն այս հարցում լիովին ինքնաբավ ու ինքնիշխան է, Ավստրիան է։ Իսկ եվրոպական բանակներին սպասարկող հիմնական տեխնոլոգիական հսկաներն են՝ Microsoft-ը, Google-ը, Oracle-ը և Amazon-ը։
Վերլուծաբանները չեն բացառում, որ Թրամփի վարչակազմը, սերտորեն գործակցելով ամերիկյան տեխնոլոգիական հսկաների հետ, կարող է նախաձեռնել սպասարկման դադարեցում՝ այսպես կոչված «kill switch» (ինքնաշխատ անջատիչ) մեխանիզմի կիրառմամբ։ Հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատում կայացած լսումների ժամանակ Microsoft-ի իրավաբանական տնօրենը հրաժարվել է երաշխավորել ԵՄ տվյալների պաշտպանվածությունը ԱՄՆ կառավարության հասանելիությունից։ Որոշ ընկերություններ առաջարկում են «ինքնիշխան» ամպային լուծումներ (մասնավորապես՝ Amazon-ը տվյալների մշակման կենտրոն է բացել Գերմանիայում), սակայն FOTI-ն մատնանշում է, որ նույնիսկ դրանք թաքնված կախվածություն ունեն ամերիկյան տեխնոլոգիաներից։
Ի պատասխան այս սպառնալիքին՝ Եվրոպական պաշտպանական գործակալությունը փետրվարին ներկայացրել է մինչև 2030 թվականը տվյալների փոխանակման անկախ ռազմական հարթակ ստեղծելու ծրագիրը




























