Բուենոս Այրեսում գնացքի վթարի վայրում դեռեւս աշխատում են փրկարարները, որոնք փորձում են մարդկանց դուրս բերել վագոններից:  

Ըստ վերջին տվյալների` զոհվել են 49 ուղեւորներ, ավելի քան 600-ը` վնասվածքներ ստացել: Քաղաքի առողջապահության բաժանմունքում հայտնել են, որ  նրանցից 200-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Ինչպես նշում է AP-ը, երբ գնացքը բախվել է փակուղուն, հարվածն այնքան ուժգին է եղել, որ վագոններից մեկը 6 մետր մտել է մյուսի մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Բուենոս Այրեսում դեռեւս անհայտ պատճառներով մերձքաղաքային գնացքը չի կարողացել կանգ առնել եւ մեծ արագությամբ բախվել է փակուղային արգելքին:  Արտակարգ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամին, երբ մարդիկ կենտրոն աշխատանքի մեկնելիս են եղել: Գնացքում ընդհանուր առմամբ եղել են հազարից ավելի ուղեւորներ:

«Ես պարզապես ցնցված եմ: Այնտեղ ամենուր արյուն էր, տուժած ուղեւորներ եւ զոհվածների մարմիններ», - պատմել է տուժածներից մեկը, հաղորդում է «Ռոսիյա 24-ը»: