Տարածաշրջանային բարդ իրողությունները և ժամանակակից աշխարհի նոր միտումները խորացնում և լրջացնում են ՀՀ ԱԱԾ դերը։ Ծառայությունը պարտավոր է դառնալ պետության հենասյուներից մեկը, որի աշխատանքը պետք է կառուցված լինի պրոֆեսիոնալիզմի և բացառապես պետության շահը հետապնդելու սկզբունքի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Առաջարկ Հայաստանին»ՀԿ–ն։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «
Զարգացման հայեցակարգ՝ քայլ առ քայլ.
- Համակարգի բացարձակ ապաքաղաքականացում. ԱԱԾ-ն ծառայում է բացառապես պետությանը, այն չի կարող ծառայել որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ անհատի։
- ԱԱԾ սպաներն ու ենթասպաները, աշխատակիցները պետք է վայելեն բացառիկ հանրային հեղինակություն։ Հանրությունը պետք է զգա, որ այս ծառայությունն աշխատում է քաղաքացու կյանքի և երկրի ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար։
- ԱԱԾ ներուժի էական բարձրացում։
- Կադրային ճիշտ, նպատակային քաղաքականություն։
- Բացառել կադրային անօրինականությունները՝ յուրայիններին առաջ տանելու և պրոֆեսիոնալներին անտեսելու գործելաոճը։
- Ստեղծել պայմաններ, որպեսզի բարձր պրոֆեսիոնալիզմ ու պատրաստվածություն ունեցող կադրերը վերադառնան համակարգ։
- Վերականգնել ԱԱԾ հետախուզական ծառայությունը։
- Վերականգնել ԱԱԾ քննչական ծառայությունը։
- Ընդլայնել ԱԱԾ կրթական կենտրոնի ներուժը և ուղղվածության ոլորտները. սա դարբնոց է, որտեղ կադրերը պետք է ստանան մասնագիտական կրթություն և/կամ վերաորակավորում։
- Բացառել անձնական կամ այլ մոտիվացիաներով լավ կադրերին համակարգից դուրս մղելու պրոցեսները։
- Դեկտեմբերի 20-ը վերականգնել որպես ԱԱԾ աշխատողի տոն։ Դա պատմություն է, հաստատված ավանդույթ, որը համակարգի համար կարևոր է։
- Սոցիալական ապահովության երաշխիքներ. հաշվի առնելով պետության և հասարակության համար ԱԱԾ աշխատանքի բացառիկ կարևորությունը, պետությունը (մասնավորի հետ համագործակցությամբ) պետք է ունենա բնակարանային ապահովության ծրագիր, որի շրջանակներում ամեն տարի սահմանված քանակով աշխատակիցներ կստանան բնակարաններ։ Նույնը վերաբերում է ընտանիքների ապահովության մյուս բաղադրիչներին՝ երեխաների ուսման վարձ, փոխադրամիջոցի ձեռքբերում մատչելի պայմաններով, առողջապահության և հանգստի փաթեթներ։
- ԱԱԾ-հասարակություն կապի, հարգանքի, պատկառանքի մթնոլորտի ձևավորում, «ԱԱԾ-ն ծառայում է պետությանը» գերակա սկզբունքի հաստատում։
«Առաջարկ Հայաստանին» ՀԿ





























