ԱՄՆ երեք կոնգրեսականներ փոստով կասկածելի փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակներ են ստացել:

Փոշին ստուգելուց հետո պարզվել է, որ այն անվնաս է, բայց ոստիկանությունը զգուշացրել է, ու նամակների հեղինակները, որոնք հարյուրներով են ուղարկվել, պնդում են, որ դրանցից մի քանիսում կյանքի համար վտանգավոր պաթոգեններ կան: Հեղինակը նաեւ գրում է, որ բողոքում է կորպորացիաների ժլատության եւ ԱՄՆ տնտեսության ընդհանուր վիճակի դեմ:

Կապիտոլիումի ոստիկանության տվյալներով` հատուկ ուշադրություն պետք է դարձնել Օրեգոն նահանգի Փորթլենդի դրոշմով փոստային նամակներին:

Ոստիկանությունն առայժմ չի հայտնում, թե ում են հասցեագրված եղել այդ նամակները, սակայն տեղեկատվություն կա, որ երկու նամակներ առաքվել են սենատորների գրասենյակներ, իսկ մեկը` կոնգրեսականներից մեկի գրասենյակ` իր նահանգում:

Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ կասկածելի նամակներր են հասցեագրվել նաեւ հեռուստահաղորդավար-երգիծաբաններ Ջոն Սթյուարտին եւ Սթիվեն Քոլբերին: Նամակներն ուղարկվել էին «Վիաքոմ» ընկերությանը, որը թողարկում է   քաղաքական երգիծանքի ուղղվածությամբ երկու հաղորդումներ, որոնք վարում են Սթյուարտը եւ Քոլբերը, հաղորդում է  «Ամերիկայի ձայնը»: