Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև դաշինքը ԵՄ-ն կարող է դարձնել աշխարհում ամենաազդեցիկ ուժը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Կա մի դաշինք, որն իմ կարծիքով կարող է անգերազանցելի լինել. դա Նորվեգիայի, Ուկրաինայի, Բրիտանիայի և Թուրքիայի միությունն է։ Հենց այս չորս պետություններն են պակասում Եվրամիությանը»,- ասել է նա։
Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինան և Թուրքիան ամուր հարաբերություններ ունեն, և միասին նրանք կունենային ռուսականից շատ ավելի հզոր բանակ՝ լիովին վերահսկելով թե՛ Սև ծովը, թե՛ օդային տարածքը։
«Թուրքիայի հարցում որոշակի վերապահումներ կան՝ կապված օրենսդրության, բարեփոխումների ու եվրոպական չափանիշների հետ։ Ես գիտեմ այդ խնդիրների մասին։ Գիտեմ նաև, որ Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից, իսկ Նորվեգիան ԵՄ-ի հետ տնտեսական ու համակարգային տարբեր կապեր ունի։ Բայց, միևնույն է, համոզված եմ, որ այս չորս երկրները Եվրամիությունը կդարձնեին աշխարհի ամենահզոր ու ամենաանվտանգ դաշինքը»,- շեշտել է նա։
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելուն փոխարինող այլ տարբերակներ չի փնտրում։
«Ես պարզապես կարծում եմ, որ այս չորս երկրները շատ հզոր են և կարող են ուժեղացնել ԵՄ-ն։ Բայց նույնիսկ առանձին վերցրած՝ այս քառյակը միանշանակ շատ ազդեցիկ միություն է»,- հավելել է Զելենսկին։





























