Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 23-24-ը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բրիտանացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ Ֆիդանն իր գոհունակությունը կհայտնի երկկողմ հարաբերությունների դրական ընթացքի վերաբերյալ։ Կողմերը կքննարկեն նաև համագործակցության ներկա ոլորտների ընդլայնմանն ու բազմակողմ կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը։

Բացի այդ, նախարարը կկարևորի Ազատ առևտրի համաձայնագրի արդիականացման շուրջ բանակցությունները հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

Ֆիդանը կփոխանցի, որ իրենք հաստատակամ են պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերն ամրապնդելու հարցում։ Նա նաև կընդգծի էներգետիկ հատվածում, այդ թվում՝ միջուկային և վերականգնվող էներգետիկայի բնագավառում փոխգործակցության խորացման կարևորությունը։

Նախարարի ուշադրության կենտրոնում կլինի նաև ԵՄ անվտանգային նախաձեռնությունների և ՆԱՏՕ-ի գործողությունների ներդաշնակեցումը։ Բրիտանացի գործընկերների հետ նա կքննարկի նաև Իրան-ԱՄՆ բանակցությունների օրակարգը (որոնք միջնորդավորված են Պակիստանի կողմից և այժմ օրհասական փուլում են), ինչպես նաև Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, Ֆիդանը կվերահաստատի, որ Թուրքիան պատրաստ է դիվանագիտական աջակցություն ցուցաբերել երկրին՝ արդար ու երկարատև խաղաղության հասնելու համար։ Նա նաև շեշտադրում կանի միջազգային հանրության միասնական ու սկզբունքային դիրքորոշման անհրաժեշտության վրա՝ ի պատասխան Իսրայելի այն գործողությունների, որոնք խաթարում են Գազայի հատվածում հրադադարի հաստատման գործընթացն ու «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված կարգավորման հեռանկարը։