Նացիստական գաղափարախոսությունն ու Ադոլֆ Հիտլերին գովերգող հրապարակումների պատճառով ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին արգելվում է մուտք գործել Լեհաստան։ Այս որոշման մասին Instagram-ում տեղեկացրել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Քանյեին արգելված է մուտք գործել Լեհաստան։ Մեր երկիրը սեփական կաշվի վրա է զգացել ֆաշիզմի արհավիրքը և այն ֆաշիստների տեղը չէ»,- նշել է նախարարը։

Սիլեզյան մարզադաշտի տնօրինությունն օրեր առաջ չեղարկել էր հունիսի 19-ին Խոժուվ քաղաքում նախատեսված համերգը։ Լեհաստանից բացի, Ուեսթի առջև դռները փակել է նաև Միացյալ Թագավորությունը։ Շվեյցարիայում կայանալիք նրա ելույթը նույնպես չեղարկվել է։

Վերջին շրջանում ռեփերը հաճախ է հայտնվում աղմկահարույց պատմությունների կենտրոնում։ Դա հիմնականում կապված է նրա հակասեմական և նացիստամետ հայտարարությունների հետ։ Նախորդ տարի նա բացահայտ ասել էր, որ հիանում է Հիտլերով, սակայն հետո ներողություն էր խնդրել՝ իր վարքագիծը վերագրելով ուղեղի ստացած վնասվածքին։