Իսրայելի պաշտպանության նախարարությունը շուրջ 200 միլիոն դոլարի արդիական ավիացիոն զինամթերք է պատվիրել Elbit Systems պաշտպանական ընկերությունից։ Այս գնումներն իրականացվում են Իրանի դեմ մղվող ռազմական գործողությունների շրջանակում։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ Elbit Systems-ը «տեխնոլոգիական առաջատար է ավիացիոն սպառազինության ոլորտում» և հպարտ է Իսրայելի պաշտպանական գերատեսչության հետ բազմամյա համագործակցությամբ։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ իրենց արտադրած զինամթերքը այն առանցքային գործոններից է, որը երկնքում կարող է ապահովել Իսրայելի ռազմաօդային ուժերի գերակայությունը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գործարքը նպատակ ունի ամրապնդել «զենքի ոլորտում անկախությունը» և բարձրացնել «անհապաղ մարտական սցենարների» և «անվտանգության ինտենսիվ տասնամյակի» պատրաստությունը, հաղորդում է Haaretz-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ համաձայնագիրը երկրի զինամթերքի մատակարարման հարցում ինքնաբավությունը ամրապնդելու ռազմավարության մի մասն է։
Այս գնումների ֆոնին, Գազայի պատերազմի պատճառով շարունակվում են Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու միջազգային կոչերը: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է 72,652 մարդ, վիրավորվել՝ ևս 172,320-ը:





























