Արթուր Դավթյանը (ՀՀ նախկին գլխավոր դատախազին – խմբ.) կարկառուն ընդդիմադիր գործիչ է։ Եթե լավ լավ ման գաք՝ իրեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի շտաբներից մեկում կգտնեք։ Պարզապես պետք է ուշադիր փնտրել։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով լրագրող Պետրոս Ղազարյանի նկատմամբ իր նախկին քննադատության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշել է, որ մարդիկ պետք է զարգանան, սովորեն և փոխվեն. «Պետրոս Ղազարյանը եղել է, կա և կարծում եմ՝ կշարունակի լինել ակտիվ և հայտնի լրագրող»։

«Խորհրդարանում ավելի վաղ իմ ասածների մեծ մասն ուժի մեջ է», - նշել է նա։

Նա հավաստիացրել է, որ «շուն-շանգյալ» արտահայտությունն ընտրողների հասցեին օգտագործել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, իսկ ինքը ընդամենը մեջբերել է նրան։

«Ես այդ հռետորաբանությունը չեմ օգտագործել», - նշել է Փաշինյանը։ Նա գնահատել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը չի հաղթահարի անցողիկ շեմը և չի մտնի խորհրդարան։