Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը բացատրել է, թե ինչու ժամանակին չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում, պատասխանելով այն հարցին, թե նա 10 տարի եղել է Հայաստանի նախագահ, ինքը ծունդով Ղարաբաղից է, ունեցել է հիանալի հարաբերություններ Պուտինի և Ռուսաստանի հետ, բայց այդպես էլ չի ճանաչել Ղարաբաղը, Քոչարյանը պատասխանել է.

«Հենց նրա համար, որպեսզի casus belli իրավիճակ չստեղծվի, հենց դրա համար: Ընթանում էին արդյունավետ բանակցություններ, բանակցային գործընթացի ուղղությունը մեզ դուր էր գալիս: Բանակցային գործընթացն ընթանում էր մեզ համար բարենպաստ ուղղությամբ. միջազգային հանրությունը, Մինսկի խումբը  ճանաչել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քննարկվում էր հանրաքվեի թեման, որը պետք է անցկացվեր հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում... Այսինքն՝ մենք տեսնում էինք, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և պետք է պարզապես համբերություն և հետևողական աշխատանք: Ընդ որում՝ դա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի (Ֆրանսիան ներկայացնում էր Եվրոպական միությունը) կոնսենսուսային մոտեցումն էր: Բանակցային գործընթացի այդ դրական դինամիկան նման կերպ փչացնելու համար (Փաշինյանը – խմբ.) պարզապես պետք էր «ջանք թափել»։

Այն հարցին, թե արդյոք ճիշտ վարվեց Ղարաբաղի ժողովուրդը՝ թողնելով իր տները և հեռանալով Ղարաբաղից, նախկին նախագահը նկատել է. «Իսկ նրանք ընտրություն ունեի՞ն: Այսինքն՝ նախքան տները թողնելը, եղել է ինն ամիս տևած դաժան շրջափակում: Բացարձակ դաժան շրջափակում: Եվ այդ ինն ամիսների ընթացքում Հայաստանը մատը մատին չխփեց իրավիճակը հանգուցալուծելու համար. ընդհակառակը, կար հայտարարություն, թե՝ «Դա մեզ չի վերաբերում»: Թեև այդ կառավարության բոլոր փաստաթղթերում... ի դեպ, նրանց 2021 թվականի նախընտրական խոստումներում, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ... այնտեղ պարզապես սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այսինքն՝ նրանք խախտեցին բացարձակապես բոլոր փաստաթղթերը, որոնք հենց իրենք էլ  ընդունել էին:

Բայց խոսել այն մասին, թե ղարաբաղցիներին վերադարձնել այնտեղ՝ ո՞ւր: Նրանք ընտրություն չունեին. նրանք լքված էին, մնացել էին մենակ: Իսկ խաղաղապահների մանդատը, ի դեպ, թույլ չէր տալիս ռուս խաղաղապահներին ինչ-որ այ բան անել»:

Անդրադառնալով նախաստորագրված խաղաղության պայմանագրին՝ Քոչարյանն արձանագրել է, որ այն ոչ մի երաշխիք չունի. «Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն է, որ այս փաստաթուղթը պետք է լրացվի դրույթներով՝ անվտանգության երաշխիքների մասին դրույթներով: Մեր մոտեցումն այն է, որ չի կարող լինել մի խաղաղություն, որը կախված է մեկ մարդու տրամադրությունից կամ կամքից: Դա խաղաղություն չէ, հասկանո՞ւմ եք, դա ավելի շուտ աշխարհաքաղաքական ստրկություն է, քանի որ նման կախվածությունը... այլ կերպ դժվար է ձևակերպել... ահա թե ինչի է դա հանգեցնում:

Փաշինյանին, ընդհակառակը, ձեռնտու է հենց նման ձևաչափը, քանի որ այդ դեպքում նա իր անձը կապում է խաղաղության հետ: Դա նույն բանաձևն է՝ «Եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի»: Անվտանգության երաշխիքները (դրանք երաշխավոր երկրներն են, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը) հենց հանգեցնում են նրան, որ խաղաղությունը կդադարի կապված լինել անհատի ՝ Փաշինյանի, Քոչարյանի կամ մեկ ուրիշի հետ: Մենք հենց դա ենք ուզում: Այսինքն՝ այն, ինչ հիմա առաջարկվում է, ավելի շուտ աշխարհաքաղաքական ստրկություն է՝ կապված մեկ մարդու կամքի հետ: Եվ առավել ևս այս մրրկայնության աշխարհում հուսալ ու հաշվարկել, որ դա կարող է որևէ երկարաժամկետ նշանակություն ունենալ, հնարավոր չէ. դա ոչ թե միամտություն է, այլ նույնիսկ հիմարություն:  

Ուստի մեր բանաձևը հետևյալն է. այն ամենը, ինչ հիմա արվում է, և այն ամենը, ինչ ստորագրվել է ավելի շուտ ընտրական նպատակներով՝ դրանք ինչ-որ բոնուսներ են, որոնք տրվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Փաշինյանին՝ իր ընտրազանգվածի հետ աշխատելու համար, դա խաղաղության համաձայնագիր չէ»: