Համաշխարհային առաջնորդները դատապարտել են բռնությունը և թեթևություն զգացել այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի հյուրերը ապահովության մեջ են տեղի ունեցած հրաձգությունից հետո. հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Մենք դատապարտում ենք նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանիայի դեմ ուղղված ագրեսիայի փորձը»,- X սոցիալական ցանցում հայտարարել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։

«Բռնությունը երբեք չպետք է պատասխան լինի»,- իր հերթին գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը՝ լավագույնը մաղթելով Թրամփին և առաջին տիկնոջը։

Այս տեսակետն է ներկայացրել նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ «Քաղաքական բռնությունը տեղ չունի որևէ ժողովրդավարական երկրում, և ես մտքերով բոլոր նրանց հետ եմ, ովքեր ցնցված են այս տագնապալի իրադարձությունից»,- նշել է նա։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նույնպես աջակցություն են հայտնել Թրամփին X-ի իրենց ուղերձներում։ «Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ և պետք է անվերապահորեն դատապարտվի»,- ասել է Մոդին։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը միջադեպն անվանել է «նողկալի հարձակում»։ «Ուրախ ենք, որ իրավապահ մարմնի աշխատակիցը, որը վիրավորվել է հարձակման ժամանակ, ապահովության մեջ է և գտնվում է ապաքինման փուլում»,- նշել է նա։