ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջին տիկին Մելանիա Թրամփը «տրավմատիկ փորձառություն» է ունեցել՝ նշելով, որ դա «սարսափելի աղմուկ էր», երբ շաբաթ երեկոյան Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ ենթադրյալ հրաձիգը մի քանի կրակոց է արձակել. հայտնում է New York Post-ը։

«Մելանիան շատ ուշադիր էր,- ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ քաղաքի մյուս ծայրում տեղի ունեցած անկարգություններից ընդամենը մեկ ժամ անց,- Դա բավականին տրավմատիկ փորձառություն էր նրա համար»։

ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը նոր էին հանդիսավոր կերպով հայտնվել Washington Hilton հյուրանոցում տեղի ունեցող ամենամյա միջոցառմանը, երբ լսել են ձայներ, որոնք սկզբում նմանեցրել են ընթրիքի սկուտեղների վայր ընկնելուն։ Սակայն շուտով հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ։

Մելանիա Թրամփն ասել է. «Տհաճ ձայն է»։

ԱՄՆ նախագահը պատմել է, որ առաջին տիկինը միշտ զգուշությամբ է վերաբերվել իր աշխատանքին և այն մեծ ռիսկին, որին ինքը ենթարկվում է։ «Առաջին տիկինը հիանալի աշխատանք է կատարել։ Նա սիրում է իր երկիրը։ Նա դա հասկանում է ավելի լավ, քան որևէ մեկը։ Բայց նա ինձ բազմիցս ասել է՝ «Դու վտանգավոր աշխատանք ունես»»,- հայտարարել է Թրամփը։

Գաղտնի ծառայության գործակալները հրաձգության մեջ կասկածվող Քոուլ Ալենին բռնել են նախասրահում։ Ալենը՝ Կալիֆոռնիայի Տորանս քաղաքից 31-ամյա ուսուցիչը, զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակով, լրագրողներին հայտնել է Կոլումբիայի շրջանի ոստիկանապետ Ջեֆրի Քերոլը։ Ենթադրվում է, որ հրաձիգը գործել է միայնակ, սակայն նրա դրդապատճառն ու նպատակը չեն բացահայտվում։ Տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես է ենթադրյալ հանցագործը հյուրանոցի նախասրահով անցնում Գաղտնի ծառայության մի քանի գործակալների կողքով։ Թրամփը, Մելանիա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Թրամփի կաբինետի անդամները շտապ տարհանվել են հանդիսությունների դահլիճից։