ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որանցյալ շաբաթ օրը զինված անձի՝ դահլիճ ներխուժելու փորձից հետո, երբ իրեն տարհանել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքից, ինքը «չի անհանգստացել», հայտնում է BBC-ն:

«Ես չէի անհանգստանում: Ինձ համար այս կյանքում ամեն ինչ պարզ է: Մենք ապրում ենք մի խենթ աշխարհում»,- ասել է Թրամփը Վաշինգտոնի հյուրանոցում տեղի ունեցած հրաձգության հաջորդ օրը:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ հարձակման մեջ կասկածվում է 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը: Ոստիկանության տվյալներով նա ձերբակալվել է կրակ բացելուց հետո այն վայրի մոտ, որտեղ ստուգվում էին միջոցառման մուտք գործող մարդիկ: Նա պետք է դատարանի առաջ կանգնի երկուշաբթի օրը:

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են ՀԴԲ-ի քրեական ստորաբաժանումը և դրա հակաահաբեկչական խումբը:

ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը հայտարարել է, որ, ելնելով նախնական տվյալներից, կասկածյալի թիրախը, ըստ ամենայնի, եղել են միջոցառմանը ներկա Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչները: Նա հավելել է, որ ենթադրյալ հրաձիգի դրդապատճառը դեռևս պարզվում է:

Շաբաթ օրը անցկացված ընթրիքին Թրամփին ուղեկցում էին նրա վարչակազմի բարձրաստիճան անդամները, նրանց թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը, մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը և խորհրդական Սթիվեն Միլերը: