Ուկրաինան ընդգրկվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ հանդիպմանը հրավիրված երկրների շարքում, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում և կմիավորի մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդներին՝ քննարկելու Եվրոպայում անվտանգությունը, համագործակցությունը և կայուն զարգացումը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ հանդիպումը կհավաքի մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդներին՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
Խորը աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում առաջնորդները կքննարկեն, թե ինչպես ամրապնդել համագործակցությունն ու համակարգումը՝ ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու, կապը զարգացնելու և տնտեսական ու էներգետիկ անվտանգությունը բարելավելու համար։
Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ՀՀ առաջին երկկողմ գագաթնաժողովի նախօրեին։
48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրվել են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ հանդիպմանը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին գագաթնաժողովին կմասնակցի որպես հյուր։ Սա առաջին անգամն է, որ ոչ եվրոպական երկիր է մասնակցում հանդիպմանը։
Հրավիրված երկրների թվում են Ուկրաինան, ԵՄ 27 անդամ պետությունները, Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան, Վրաստանը, Իսլանդիան, Կոսովոն*, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան և Միացյալ Թագավորությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի նպատակն է զարգացնել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպես նաև ամրապնդել եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։
Համայնքի 7 նիստ արդեն տեղի է ունեցել։ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին՝ Իռլանդիայում։




























