Այն բանից հետո, երբ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ռուս հարձակվող Անդրեյ Արշավինին ուղարկեց թիմի երկրորդ կազմ, խոսակցություններ կան, որ 30-ամյա ֆուտբոլիստը կարող է լքել լոնդոնյան ակումբի շարքերը։

Արշավինի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է Մախաչկալայի «Անժին», որի նորանշանակ գլխավոր մարզիչ հոլանդացի Գուս Հիդինկը ցանկանում է Ռուսաստանի հավաքականի ավագին տեսնել իր թիմի կազմում։

Հայտնի ֆուտբոլային գործակալ Դենիս Լախտերը, ով մեծ դերակատարում է ունեցել Արշավինի «Զենիթից»  «Արսենալ» տեղափոխվելու գործում, sportdaily.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առանց Արշավինի ցանկության, «Արսենալը» չի կարող վաճառել նրա տրանսֆերը։

«Առանց ֆուտբոլիստի ցանկության «Արսենալի» չի կարող վաճառել նրան։ Արշավինի պայմանագրում նման կետ չկա եւ չի էլ կարող լինել։ Վստահ եմ, որ նույնիսկ նման մարզավիճակով Արշավինը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահը «Զենիթի» նախկին նախագահն է։ Արշավինը բարդ խնդրի առաջ է կանգնել եւ ինքը պետք է որոշի իր հետագա անելիքը։ Ռուսաստանի համար նորմալ է, երբ նման կարեւոր մրցաշարին վատ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստ է մասնկակցում։ Եթե Արշավինը մինչեւ ամառ պահպանի ներկայիս մարզավիճակը, ավելի ճիշտ կլինի, որ Անդրեյն ուժ գտնի իր մեջ եւ հրաժարվի մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,- նշել է գործակալը։