Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Նախագահ Սարգսյանն Իրանի իր պաշտոնակցին ցավակցել է տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով մեծ թվով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իր հերթին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցել է իր հայ գործընկերոջը: Նախագահները պայմանավորվել են ավիավթարի պատճառների ուսումնասիրման եւ անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցությունը համակարգելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել է 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Բոլոր ուղեւորները զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 6-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: