Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 25-ին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

«Սիրելի տիկին Մկրտչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներկայացուցչի եւ մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաստանի եւ աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը եւ արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն եւ լայն ժողովրդականություն:

Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ եւ նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը»,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, գնահատելի է նաեւ Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմարիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով: