Վրաց սահմանապահները չեն թույլատրել Հայաստանի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին անցնել սահմանը։ «Նաուման» գերմանական հիմնադրամի հրավերով հայկական պատվիրակության շարքերում Թորոսյանը ուղևորվելիս է եղել Թբիլիսի՝ վրացական քաղաքական ու հասարակական ուժերի հետ հանդիպումների համար, ակայն սահմանն անցնել չի կարողացել։ Ասվում է, որ վրացական անցակետում Թորոսյանի մոտ խնդիրներ են առաջացել, որտեղ նրան կանգնեցրել են ավելի քան 1 ժամ։ Որոշ ժամանակ անց վրաց սահմանապահները հայտնել են, որ ղեկավարությունը հրամայել է չթուլատրել Շիրակ Թորոսյանին անցնել սահմանը։ «Սահմանապահները ասել են, որ պարզապես կատարում են վերևից տրված հրամանը։ Այլ բացատրություններ ինձ չեն տվել»,- նշել է պատգամավորը։
Վրաստանը իր «խաղերը» շարունակում էր նաև այս դեպքից հետո, երբ ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Վրաստանի ԱԳՆ-ին։ Հարեւան գործընկերոջ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշել է լռել։ Երևի կարծել է, թե եղբայրական (ինչը տեղի-անտեղի սիրում են հայտարարել հայ-վրացական յուրաքանչյուր հանդիպմանը) երկրի նկատմամբ նման վերաբերմունքը ամենաճիշտն է։ Այս համատեքստում, բնականաբար, Սահակաշվիլիի այցն էլ բացառություն չի լինի։ Նա միայն գովեստի խոսքեր կշռայլի, որովհետև դժվար թե Վրաստանը վերջ տա իր «խաղերին» եւ ձեռնպահ մնա հայկական եկեղեցիները յուրացնելուց, հայկական գերեզմանատները ոչնչացնելուց, հայերին բանտարկելուց և այլն։



























