Հայ արիներն այս տարի, մարտի 1-ին կնշեն աստվածահայր Արայի հրաշագործության տոնը: Հայր Արան հայ աստվածային համակարգի գերագույն աստվածն է:
Այս առնչությամբ, Հայ արիական միաբանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Երկրում, նաեւ Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, ով իր աստվածային գործառույթով երկնի ու երկրի հայկական աշխարհների գլխավոր աստվածն է, հետեւում է բնական կարգին եւ հայ արիներին պարգեւում է բնության վերազարթոնքը:
Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը կատարվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Տիեզերքի տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ-ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայ արիական նոր տարվա՝ Մարտի 21-ի (որը նաեւ Հայոց Ռազմի ու զորության աստված Վահագնի վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:
Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան իր արարչակերտ զորությամբ ապահովում է գարնան գալուստը, ինչն էլ բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում…
Հայ արիական միաբանության գերագույն խորհրդի եւ հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես արարչի կողմից արարված հզորագույն աստված:
Ծիսակարգը կկատարվի մարտի 1-ին, ժամը 13:00-ին, Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո»:




























