Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում, այսօր` փետրվարի 29-ին, խորհրդարան են այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետների ուսանողներ եւ դասախոսներ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացող քառօրյա նիստի աշխատանքներին մասնակցելուց եւ խորհրդարանական անցուդարձին հետեւելուց հետո նրանք  հանդիպել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Նիկոյանը նշել է, որ լավ դպրոցը լավ հասարակություն եւ լավ պետություն ունենալու կարեւոր բաղադրիչներից է: Պետական կառավարման համակարգն ամբողջությամբ  ուսանողներին հասկանալի դարձնելու նպատակով խորհրդարանի ղեկավարը խոսել է իշխանության երեք թեւերի տարանջատման եւ Սահմանադրությամբ նախատեսված` հակակշիռների ու զսպումների մեխանիզմների մասին: Քանի որ ուսանողները ներկա էին եղել ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենսդրական փաթեթի բուռն քննարկումներին, Նիկոյանը մանրամասնել է օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունները:

Անդրադառնալով ավագ դպրոցները հիմնական դպրոցից տարանջատելու խնդրին` ԱԺ նախագահը նշել է, որ կրթության համակարգի արդյունավետության խնդիր կա: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առանձին կրթական համակարգ ունենալը ճիշտ չէ, մեր երկիրը պետք է ինտեգրվի եվրոպական կրթական համակարգին:

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը սահմանադրությանը հակասող ճանաչեց ցեղասպանությունները` այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Պարոն Նիկոյանն ընդգծել է, որ պայքարը համամարդկային արժեքների եւ այլ շահերի մեջ է: Նշելով, որ ցավալի էր մերժումը, Նիկոյանը ողջունել է Ֆրանսիայի նախագահի` օրինագիծն  ընդունելու հարցում հետեւողականությունը: Ըստ ԱԺ նախագահի` յուրաքանչյուր նման նախագիծ շրջանառության մեջ դնելը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը եւս մեկ անգամ անդրադառնալու եւ արծարծելու խնդիրը:

Հանդիպման ավարտից հետո ապագա մանկավարժները  լուսանկարվել են Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: