Ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրենքի վերաբերյալ Անկարայի դիվանագիտական խիստ արձագանքը հանգեցրել է նրան, որ Ֆրանսիան հետաձգել է Բորդոյում Թուրքիայի գլխավոր դեսպանատան բացումը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեռեւս անցյալ տարի Թուրքիա կատարած իր այցի ժամանակ հավանություն էր տվել Բորդոյում եւ Նանտում Թուրքիայի գլխավոր դեսպանատների բացմանը:
Երկու երկրներն էլ կատարել են դեսպանատան բացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, սակայն Ֆրանսիան հետաձգել է Բորդոյում թուրքական գլխավոր դեսպանին դեսպանատան բացման թույլտվության հանձնման ժամկետները` Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի վերաբերյալ Անկարայի արձագանքից անմիջապես հետո, հայտնում է Anadolu-ն:
Թուրքիայի ԱԳՆ-ում այս տեղեկությունը հաստատել են, նշելով, որ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազել է տվյալ օրենքի ընդունումից հետո: Ֆրանսիայի խորհրդարանի կողմից այս օրենքն ընդունվելուց հետո թուրքական եւ ֆրանսիական դեսպանների միջեւ գրավոր փոխանակումները համարյա դադարեցվել է, հայտնել են ԱԳՆ-ում:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հայտնի է որպես Բուայեի օրենք, ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ այն վավերացվել էր Սենատում` հունվարի 23-ին:
Դրանից հետո մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում, որը փետրվարի 28-ին այն հայտարարել էր ոչ սահմանադրական:
Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Արդարադատության նախարարությանը հանձնարարել է ցեղասպանությունների ժխտումը պատժելու համար նոր օրենքի տեքստ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը:




























