2008 թ. մարտի 1-ի դեպքերի մեղքը կարող է շատերինը լինել, եւ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը:

Այս մասին լրագրողներին մարտի 1-ին հայտնել է Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը (ֆոտոռեպորտաժ):

«Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի պատասխանատվության իր չափաբաժինը: Այո, միգուցե և ես ոչ բավարար ակտիվություն եմ դրսևորել, հարկ եղած խոսքերը չեմ ասել: Յուրաքանչյուրը պետք է տղամարդկություն ունենա խոստովանելու իր սխալները և ուղղելու դրանք», – հայտարարել է Ա. Դավթյանը: Նա միաժամանակ գոհունակությամբ նշել է ընդդիմության հռետորաբանության դրական փոփոխությունները, որոնց արտահայտությունն էին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները:  «Քաղաքական ասպարեզում շատ կարևոր է բանավեճի մշակույթը, մասնավորապես, անձնական բնույթի մեղադրանքներից հրաժարվելը», –  հավելել է Ա. Դավթյանը:

Իր հերթին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը հավելել է, որ այդ դեպքերի մեղավորները այդպես էլ արժանի պատիժ չկրեցին, իսկ միջազգային կազմակերպությունները աչք փակեցին անմեղ մարդկանց սպանությունների վրա: «Զենք կիրառելու հրամանը տրվել է նույն կետից, որտեղից որ կրակելու հրամանը: Թեեւ մի քանի օր հրապարակում հազարավոր մարդիկ կային, բայց նրանցից ոչ մեկը հարձակողական բնույթի որեւէ բան չէր ձեռնարկել: Եվ, այնուամենայնիվ, հնարավոր գտան սեփական հասարակության հետ նման կերպով հաշվեհարդար տեսնելը:

Վենետիկյան հանձնաժողովի բանաձեւերը ոչ մի արդյունք չտվեցին, իսկ ողբերգության կազմակերպիչներն առայսօր չեն դատապարտվել», - հավելել է Բ. Ասատրյանը:



Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի