Մարտի 1-ի զոհերի հարազատներն անցան բոլոր դատական ատյաններով, հանդիպեցին միջազգային բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, բայց ապարդյուն: Այս մասին այսօր` մարտի 1-ին, ընդդիմության հանրահավաքում հայտարարեց մարտի 1-ի 10 զոհերից մեկի` Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

«Լրացավ հայոց բանակի եւ ոստիկանների ձեռքով առնվազն 10 հայորդիների սպանության 4 տարին: Զոհերի հարազատները դեռ սպասում են սպանությունների բացահայտմանը: Մեր որդիների արյամբ իշխանությունը զավթած անձը հրավիրեց ՀՔԾ-ին եւ հրահանգեց բացահայտել ոճրագործությունը, սակայն առ այսօր ոչինչ չի կատարվել: Դա ընդամենը շոու էր»,-հայտարարեց նա:

Այնուհետեւ Սարգիս Քլոյանը դիմեց Սերժ Սարգսյանին ասելով. «Սերժ Սարգսյան, մեր երկիրը ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական չէ, ինչպես փորձում էիր ապացուցել եվրոպաներին: Մեր երկիրը ավազակապետական, ճորտատիրական ստրկատիրական երկիր է, որտեղ հեղվում է երիտասարդների արյունը: Ցավալին այն է, որ եվրոպական կառույցները խաբվում են այդ լոլո-ներին: Եւ դրա վկայությունը ԵԽԽՎ վերջին բանաձեւն էր, որում մարտի 1-ի զոհերին որպես հանցագործ էին ներկայացնում»:

Հիշեցնենք, որ ուղիղ չորս տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Ընդդիմությունը չճանաչեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր կազմակերպեց Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:

Մարտի մեկի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:

Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ, որոնց մի մասը դեռ բանտում է: Իշխանությունները տեղի ունեցածը համարում են զանգվածային անկարգություններ: