Մայր աթոռ սուրբ Էջմիածնում եւ Հառիճավանքում, փետրվարի 28-ից մարտի 1-ը Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն` ընդլայնված կազմով:

Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են եղել թեմական, կանոնական-ծիսական եւ կարգապահական խնդիրներ:

Ժողովին ներկայացվել են զեկույցներ Հայ Եկեղեցու կանոնական, սրբադասման եւ ծիսական հարցերով հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին: Ժողովականներին ներկայացվել է նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ թեմական խորհրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանը տեղեկություններ են փոխանցել թեմական կյանքի եւ մասնավորաբար Նիսի ծուխի շուրջ ստեղծված կացության մասին: Տեղեկացվել է, որ ներկայիս Նիսի նորակազմ եկեղեցական ծուխը կազմակերպում է համայնքի կյանքը, եւ կանոնավոր կերպով կատարվում են ծիսա-պաշտամունքային արարողությունները:

ԳՀԽ ժողովին որոշում է կայացվել սույն թվականի սեպտեմբերի 26-28-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել հերթական թեմական-ներկայացուցչական ժողովը` Հայ Եկեղեցուն հուզող խնդիրներ քննարկելու համար:

Գերագույն հոգեւոր խորհուրդը լսել է նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի զեկույցը` թեմի պետական գրանցման գործընթացի եւ հայոց սրբավայրերի վիճակի մասին:

Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց փետրվարի 21-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշա Զադեի նստավայրում Ադրբեջանի կրոնական համայնքների հոգեւոր առաջնորդների կողմից ստորագրված պատմական իրողություններն աղավաղող հակահայկական համատեղ ուղերձին, որը վերաբերում էր Խոջալուի դեպքերին: Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտելի է համարել Ադրբեջանի կրոնական առաջնորդների հայտարարությունը, որը հակասում է տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների եւ հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված կոչերի ոգուն:

ԳՀԽ անդամները նաեւ ցավով արձանագրել են այն պարագան, որ ուղերձը ստորագրվել է Ադրբեջանի կրոնական փոքրամասնությունների` ռուս ուղղափառ, կաթոլիկ, հրեական համայնքների առաջնորդների կողմից: