Դեկտեմբերի 7-ին Մոլդովայում կրկին նախագահական ընտրություներ են անցկացվելու: Այդ մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 27-ին` մոլդովական խորհրդարանի նիստում: Այն դեպքում, եթե խորհրդարանը կրկին չկարողանա նախագահ ընտրել, այն պետք է ցրվի եւ նշանակվեն արտահերթ խորհրդարանակա ն ընտրություններ:
Նախագահի ընտրության ընթացակարգի հետ կապված բոլոր անհրաժեշտ միջոցառումները կազմակերպվելու են խորհրդարանի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից: Մասնավորապես, հանձնաժողովն ընդունելու է նախագահի ընտրության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Այդ պաշտոնում միակ թեկնածու Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպուն է, որին առաջադրել է կառավարող կոալիցիան:
Լուպուին ընտրելու առաջին փորձը՝ նոյեմբերի 10-ին ապարդյուն անցավ, քանի որ ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են նրա օգտին քվեարկել:
Կոմունիստներն արդեն հայտարարել են, որ այս անգամ էլ խոչընդոտներ են հարուցելու՝ հասնելու նոր ընտրությունների, որտեղ մտադիր են հուլիսին կրած պարտության դիմաց ռեւանշ վերցնել:




























