Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին: Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ նեղ, ապա` ընդլայնված կազմով:

Նիստի օրակարգում ներառված են եղել շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նախորդ նիստերի ժամանակ ընդունված որոշումների կատարմանը, Եվրասիական տնտեսական համագործակցության տարածքում միասնական տնտեսական տիրույթի եւ մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին վերաբերող հարցեր:

Պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների ղեկավարներն ստորագրել են ընդունված որոշումներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ մաքսային միությանը վերաբերող փաստաթղթերը:

ՀՀ Նախագահը Մինսկում մասնակցել է նաեւ ԱՊՀ տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված «Միավորելով ԱՊՀ տարածաշրջանը» թեմայով միջազգային գագաթնաժողովի աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան: