Այսօր` մարտի 5-ին լրանում է Հայաստանի եւ Արցախի հերոս, Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-ամյակը: Այդ կապակցությամբ Եռաբլուր պանթեոնն առավոտից բազմամարդ էր (ֆոտոռեպորտաժ): Սպարապետին իրենց հարգանքը մատուցելու էին գալիս ազատամարտիկներ, զինվորականներ, պարզապես շարքային քաղաքացիներ:
Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու էին եկել նաեւ Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Արարատի մարզի Արարատ գյուղում: 1980թ. ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր եւ Գերագույն խորհրդի պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով:
Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը։ Եղել է Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























